«Հայոց հզոր բանակ» ծրագրի շրջանակներում «Առնո Բաբաջանյան» համերգասրահում տեղի ունեցավ բարեգործական համերգ, որի հասույթը փոխանցվելու է «Հայոց հզոր բանակ» ծրագրին՝ նյութատեխնիկական սարքավորումներ ձեռք բերելու և դիրքապահ զինվորների անվտանգության բարձրացմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու համար։
Երեկոյին ներկա էին դիրքապահ տղաներ‚ հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսների ծնողներ, ծրագրի մասնակիցներ:
Համերգի մեկնարկին տեր Զգոն քահանա Աբրահամյանը փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունն ու բարեմաղթանքը։ «Մեր կյանքում Քրիստոսի մեզ պատգամած սիրո պատվիրանն արտահայտվում է բազմատեսակ բնագավառներում, ոլորտներում, որի անբաժան մասն է կազմում նաև սերը հայրենիքի նկատմամբ: Եվ յուրաքանչյուրս մեր լուման պետք է ներդնենք հանուն մեր հայրենիքի պահպանության, անվտանգության: …Մենք վերջին անգամ համոզվեցինք 2016 թվականին, թե ինչպես հայ ժողովուրդը միասնաբար պատրաստակամություն հայտնեց պաշտպանել հայրենիքը: Այդ հայրենասիրական ոգին միշտ պետք է մեր սրտերում վառ լինի: Վառ պահենք հիշատակը մեր բոլոր նվիրյալ նահատակների: Ճիշտ է, մարդը երբեք չի ուզում զոհվել, նահատակվել, բայց սերը հանուն իր հայրենիքի դրդում է նրան անհրաժեշտության դեպքում ինքնազոհության, որը քրիստոնական մեծագույն արժեք է, և այդ զոհաբերությունն ու սերը միմյանց հետ համակցված են: Քրիստոս իրեն զոհաբերեց բոլորիս համար սիրուց դրդված: Գնահատենք այդ սիրո զորությունը և կյանքի կոչենք նաև հայրենասիրության մեջ: Թող Աստված մեզ ոգևորի, զորացնի, և այս բարի նախաձեռնությունն իր նպատակին ուղղված լինելով՝ բերի մեծագույն բարիք: Եվ թող ոգևորի ավելի շատ մեր հայրենասեր զավակներին, որպեսզի բոլորս մեր նպաստը բերենք մեր հայրենքի ամրապնդման, անվտանգության և բարեկեցության համար»,- ասաց տեր Զգոն քահանա Աբրահամյանը՝ շեշտելով‚ որ նման ծրագրերը կարևոր են յուրաքանչյուր զինվորի համար, որովհետև առաջնագծի տեխնիկապես հագեցումը նվազեցնում է զոհերի, վիրավորների քանակը բանակում և ավելի անվտանգ է դարձնում ծառայությունը:
Համերգին կատարումներով հանդես եկան Սամսոն Պանյանը‚ Անդրանիկ Մալխասյանը‚ Սիրանույշ Եղիազարյանը‚ Սմբատ Խալաթյանը‚ Նարեկ Պողոսյանը‚ Արամ Մովսիսյանը‚ Դավիթ Խաչատրյանը‚ ջութակահար Նիկոլայ Մադոյանը‚ դաշնակահարներ Իռեն Մարգարյանն ու Մարգարիտա Սարգսյանը‚ ասմունքողներ Գայանե Սամվելյանն ու Աննա Կոստանյանը‚ Քաղսի համայնքի «Նուրի» պարային համույթը:
«Հայոց հզոր բանակ» ծրագրի նախաձեռնող‚ «Հաղթելու ենք» ռազմահայրենասիրական ՀԿ-ի նախագահ Կարեն Հովհաննիսյանը նշեց‚ որ ծրագրի նպատակը բացառապես դիրքապահ զինվորի անվտանգությունն է. «Մեր նպատակը ազնիվ է, արդար ու ամենակարևորը՝ աստվածահաճո»։
Համերգից ստացված հասույթը կազմեց 823 000 դրամ։ Համերգի ավարտից հետո ծրագրի մասնակիցներն այցելեցին «Եռաբլուր» պանթեոն և ծաղիկներ դրեցին հերոսների շիրիմներին։
Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ